Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը «բարոյական սնանկություն» է անվանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը, որում նա վրդովմունք էր հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ։
«Այսպես է երեւում բարոյական սնանկությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «զայրացած» է Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։ Բայց ոչ մի խոսք այն մասին, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ-ի երկու առաջարկները՝ հրադադարը երկարաձգելու եւ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ, այն պատանդներին, որոնց հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր պահանջում ազատել առանց որեւէ նախապայմանի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաջողեցրել է ընդհանրապես չհիշատակել ՀԱՄԱՍ-ը, կարծես այն գոյություն չունի։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը հրադադարի քողի ներքո օգտագործել Գազա մատակարարվող բեռները՝ իր ռազմական եւ ահաբեկչական մեքենան վերականգնելու համար։ Ոչ մի խոսք ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքի հարցերով գործակալության (UNRWA) ամոթալի դերի մասին, որը դարձել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների համար ապաստան եւ աշխատանքի վայր Գազայում»,- նշվում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խոշոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան շարժման կողմից բանակցությունների միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկները մերժելով։
ՀԱՄԱՍ-ը ռազմական գործողությունների վերսկսման պատասխանատու է հայտարարել Իսրայելին։ Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ «մինչեւ վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնությունը»։