Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր՝ մարտի 19-ին, հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին նա հայտարարել է Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր ես կապ կհաստատեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք մանրամասները։ Կարծում եմ՝ կքննարկենք [պատերազմի դադարեցման] հաջորդ քայլերի մանրամասները։ Մեր թիմերն արդեն իսկ շատ լավ հանդիպում են անցկացրել։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ էր ընթանում […] Եվ կարծում եմ, որ այսօր նրանից կլսեմ մանրամասներ [Պուտինի հետ] նրա խոսակցության վերաբերյալ»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե ինչ ձեւաչափով կանցկացվի իր բանակցությունը Թրամփի հետ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը հեռախոսազրույցի մասին է։ Այն տեղի կունենա մարտի 18-ին Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից մեկ օր անց։
ԱՄՆ եւ ՌԴ նախագահների բանակցություններից հետո հայտարարվեց, որ Պուտինն ընդունել է 30 օրով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները դադարեցնելու Թրամփի առաջարկը։
Միեւնույն ժամանակ Թրամփին եւ Պուտինին չի հաջողվել համաձայնության գալ մեկ ամսով ամբողջական հրադադար հաստատելու շուրջ, ինչին ավելի վաղ համաձայնել էր Կիեւը։ Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը որպես «հիմնական պայման» պահանջել է ամբողջապես դադարեցնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների տրամադրումը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ չի քննարկել Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը։