Քաղաքի ջերմ անկյուններից մեկում՝ գյումրեցիների եւ զբոսաշրջիկների ամենասիրած սրճարանում, աչք շոյող կավե սպասքը գրավեց ուշադրությունս։ Այնքան գեղեցիկ ու ակնահաճո էին, որ չկարողացա անտարբեր մնալ, շրջեցի ափսեն ու տեսա բրենդային տարբերանշանը՝ «Լեո կերամիքս»։
Այցելեցի «Լեո կերամիքս» ստուդիա, որի հիմնադիրը երիտասարդ կավագործ Լեւոն Հովհաննիսյանն է։ Մի պահ աշխատանքից կտրվելով՝ ճերմակ թուղթը փռեց կավից փոշոտված սեղանին ու սուրճ հյուրասիրեց նույն՝ սրճարանում տեսածս բաժակներով։
— Կավն օգնում է, որ հողիդ ավելի շատ կապվես, հետեւաբար եթե դա օգտագործում ենք մեր առօրյայում, ավելի շատ ենք ստանում հայրենի բնության կենարար ուժը,- սուրճի բաժակն ու ափսեն ցույց տալով՝ ասում է կավագործ վարպետը։
Նրա կարծիքով ճաշակ թելադրողը պետք է լինի արվեստագետը։ «Եթե ունես առաջարկ, մարդիկ կընդունեն, եթե չես առաջարկում ոչինչ, սկսում ես մեղադրել պատվիրատուին։ Շատ անգամներ եմ մերժել անճաշակ պատվերները»:
Արհեստավորների ընտանիքում մեծացած Լեւոնը միջազգային հարաբերությունների բաժինն է ավարտել։ Համապատասխան աշխատանք չգտնելով՝ տասնհինգ տարի առաջ որպես բանվոր աշխատանքի է անցել ՀՀ-ում Իտալիայի հյուպատոսարանի նախաձեռնությամբ գործող հայկական ավանդական կերամիկայի հետազոտական կենտրոնում։ Աշխատանքին զուգահեռ շատ բան է սովորել կենտրոնի վարպետներից։
Հետո, արդեն որպես կավագործ, Լեւոնը քաղաքում հայտնի խեցեգործներից աշխատանքի առաջարկ է ստացել։ «Ասացին՝ մեկ ամսից կգաս աշխատանքի, մինչ այդ մեկ ամիսը կլրանար, սկսեցի ուսումնասիրել հանրագիտարաններ ու գրականություն այն ամենի մասին, ինչը վերաբերում է կավին։ Մինչեւ ինձ կկանչեին խոստացած աշխատանքին, ես արդեն հասցրել էի որոշ չափով գիտելիքներ ստանալ, հասկացա, որ քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն, հանրահաշիվ․․․ շատ բան է պետք իմանալ կավին ճիշտ խոսեցնելու համար։ Կավագործությունը սովորական արհեստ չէ, սա լուրջ գիտություն ու արվեստ է։ Քիմիական թթուները վերցնում էի ձեռքս ու գնում սարերը՝ կավի անալիզի»։
Լեւոնը կիսում է իրենց տան մի հատվածը, առանձին մուտք է բացում ու ստեղծում իր արհեստանոցը։ Ծնվում են առաջին հետաքրքիր ու գեղեցիկ կիրառական աշխատանքները, որոնց հումքը բացառապես տեղական է՝ Սառնաղբյուրի եւ Հողմիկի սարերի կավը։
Արհեստանոցի առաջին հյուրերից է եղել վարպետ Վաչիկը, որից նա կավի հետ խոսել է սովորել։ Հպարտությամբ է հիշում, թե ինչ կարեւոր էին վարպետի գովեստի խոսքերը, որոնք ավելի պարտավորեցրին խորանալ մասնագիտության մեջ:
Այժմ տուն-արհեստանոցը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։ Լեւոնը հիշում է, թե ինչպես մի խումբ ֆրանսիացիներ Երեւանի խանութներից մեկում տեսել ու հավանել էին իր աշխատանքները։ Հատուկ եկել-հասել էին Գյումրի, եւ այդ օրից մշտական այցելուներ են։
Կավին խառնված անմահական բույրով սուրճը արհեստանոցում բոլորն են վայելում, իսկ թոնրի հայկական խորովածի մասին Լեւոնի պատրաստած թոնիրներն են պատմում։
«Խորովածի թոնիր սարքելը ինձ համար սկզբունքի հարց դարձավ, շատ բարձր ջերմակայունություն էր պետք ապահովել, մի քանի անհաջող փորձից հետո սկսեցի ուսումնասիրել անհաջողությանս պատճառները, հասկացա, որ կավի բաղկացուցիչ մետաղական օքսիդները լայնանալով պայթում են բարձր ջերմությունից։ Բաղադրությունը նոսրացրի, որ ապահովեմ օդափոխությունը, եւ ստացվեց: Տեսքի վրա էլ սկսեցի աշխատել, ու ապրանքատեսակը դարձավ թե՛ տեղի, թե՛ դրսի շուկայի ամենասիրելիներից մեկը»,- պատմում է կավագործը։
Լեւոն Հովհաննիսյանն իր գիտելիքն ու հմտությունները կրտսեր սերնդին փոխանցելու նպատակով ընդունել է «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի առաջարկն ու դասավանդում է խեցեգործության խմբակում։ Մանկավարժական գործունեությունը օգնում է, որ բացահայտի նոր արվեստագետների, որոնք իր հետ միասին ճաշակ կթելադրեն ու հայրենի ընդերքից հանած կավի կենարար էներգիան կփոխանցեն մարդկանց։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։