Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռեւս հստակ չեն:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:
«Դուք գիտեք, որ Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում, արդեն ռուսական սահմանային կետեր կան: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, այս առումով եկեք սպասենք»,- ասել է Ռուսաստանի դեսպանը:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն: Ըստ նրա՝ դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը սահմանագծից հետ կքաշվեն։
Տեղեկությունը այսօր հաստատել է նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում:
«Կատարման եւ տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասել է ՀՀ զինված ուժերի ԳՇ պետը։