Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր միգրացիայի համար հատուկ կառույցի ստեղծման առաջարկը։
Իսրայելական Ynet պորտալը նշել է, որ նման կառույց ստեղծելու առաջարկով հանդես էր եկել երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, որը, ըստ ծրագրի՝ Իսրայելի եւ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի շրջանակում ապահովելու է Գազայի բնակիչների կամավոր արտագաղթը այն երրորդ երկրներ, որոնք հետաքրքրված են այս գործընթացով։
Ynet-ի տեղեկությունների համաձայն՝ նոր կառույցը կգործի պաշտպանության նախարարի ենթակայության տակ եւ կզբաղվի «Գազայի բնակիչների անվտանգ եւ վերահսկվող կամավոր ելքի նախապատրաստմամբ եւ ապահովմամբ»։ Դրա գործառույթների մեջ կներառվի անվտանգության ապահովումը, երթուղիների հաստատումը, Գազայի հատվածում հատուկ հսկիչ-անցագրային կետերում ստուգումների իրականացումը, ինչպես նաեւ «երկրից ցամաքային, ծովային եւ օդային փոխադրման կազմակերպման համակարգումը»։
Դեռ փետրվարի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հրամայել էր պաշտպանության նախարարության կազմում ստեղծել հատուկ վարչություն՝ Գազայի հատվածից դեպի երրորդ երկրներ բնակիչների կամավոր միգրացիան հեշտացնելու համար։
Կացի նման որոշումը հետեւել էր Գազայի բնակչությանը Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
Եգիպտոսի արտգործնախարարությունը արդեն դատապարտել է Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր արտագաղթի վարչություն ստեղծելու Իսրայելի իշխանությունների որոշումը։
«Եգիպտոսը խստորեն դատապարտում է իսրայելական իշխանությունների հայտարարությունը Գազայից պաղեստինցիների կամավոր արտագաղթի մարմին ստեղծելու մասին եւ կարծում է, որ հեռանալու որոշումը, որն ընդունվել է մշտական ռմբակոծությունների եւ ռազմական գործողությունների համատեքստում, ինչպես նաեւ մարդասիրական օգնության մատակարարումների բացակայության պայմաններում, չի կարող կամավոր համարվել. դա բռնի տեղահանում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության տեքստում։