Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Եվրահանձնաժողովն առաջին անգամ նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախապատվերի վրա ծախսած գումարի չափը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը նախորդ տարի 2,9 միլիարդ եվրո է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար:
Կեերմակերը նշել է, որ ԵՄ-ն ներդրում է արել վեց արեւմտյան ընկերությունների արտադրական հնարավորությունների ընդլայնման՝ պատվաստանյութի մշակման, փորձարկումների, դրանք ավարտելու եւ շուկա դուրս բերելու համար:
Պաշտոնյան ընդգծել է, թե չի կարող ասել՝ որ ընկերությանը որքան գումար է տրվել, քանի որ դա գաղտնի տեղեկություն է:
2,9 միլիարդ եվրոյից 750 միլիոնը տրամադրել են ԵՄ երկրները, մնացած գումարը հատկացվել է Եվրամիության բյուջեից:
Նախորդ տարվա օգոստոսից նոյեմբեր ԵՄ-ն պայմանագիր է կնքել AstraZeneca-ի, Pfizer-ի, Moderna-ի, Johnson&Johnson-ի, Sanofi-GSK-ի եւ CureVac-ի հետ: Միայն առաջին չորս ընկերություններն են կարողացել ստեղծել բավականին արդյունավետ պատվաստանյութեր, որոնք օգտագործվում են եվրոպական շուկայում:
Ընդ որում, AstraZeneca-ի եւ Johnson&Johnson-ի մատակարարումը Եվրամիության երկրներ էականորեն սահմանափակվել է՝ պատվաստանյութերի արտադրման եւ կողմնակի ազդեցություններով պայմանավորված: