ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ Ռուսաստանն այսօրվանից հանել է Թուրքիայի հետ ապրիլի 15-ից անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով մտցված ավիահաղորդակցության սահմանափակումները:
Կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցության վերականգնման նպատակահարմարության վերաբերյալ որոշումն ընդունվել է Թուրքիա ռուսաստանյան պատվիրակության այցից եւ մասնագետների եզրակացությունից հետո:
Մի շարք ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներ սկսելու ծրագրի մասին:
«Աերոֆլոտ»-ը հունիսի 25-ից լրացուցիչ չվերթներ կբացի Ստամբուլ, ինչպես նաեւ կսկսի թռիչքները Անթալիա, Բոդրում, Դալաման: «Պոբեդա» լոուքոսթերը հուլիսի 1-ից կսկսի մոսկովյան «Վնուկովո»-ից թռչել Անթալիայի միանգամից երկու օդանավակայան՝ «Անթալիա» եւ «Գազիպաշու»:
«ՅուՏեյր»-ը չվերթներ կսկսի Գրոզնիից եւ Մախաչկալայից Ստամբուլ, ինչպես նաեւ Տյումենից, Գրոզնուց եւ Մախաչկալայից Անթալիա: S7-ը եւ Azur air-ը նույնպես հայտարարել են Թուրքիա չվերթներ կատարելու պատրաստակամության մասին:
ՌԴ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախորդ տարվա մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ՝ բացառությամբ երկրից դուրս չվերթների, ինչպես նաեւ բեռնային, փոստային, սանիտարական եւ մի շարք այլ չվերթների: Անցյալ տարվա օգոստոսից Ռուսատանն աստիճանաբար վերսկսեց միջազգային ավիահաղորդակցությունը:
Ներկա դրությամբ թույլատրված է թռչել Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆինլանդիա, Վիետնամ, Հնդկաստան, Քատար, Հունաստան, Սինգապուր, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Վենեսուելա, Սիրիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Իսլանդիա, Մեքսիկա, Պորտուգալիա, Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հունգարիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մավրիկիոս, Մարոկո, Խորվաթիա, Ալբանիա, Կուբա Սեյշելյան կղզիներ, Մալդիվյան կղզիներ, Մալթա եւ Շրի Լանկա: