Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:
«Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն հավելել է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը քվեարկության գոհացուցիչ մակարդակի առնչությամբ։
«Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին դիմագրավել իր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները։ Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանին այդ գործում աջակցելու իր վճռականությունը, ինչպես նաեւ իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ։