ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ քվեարկության, քվեների հաշվարկի ընթացքում առերեւույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաեւ բնույթով ընտրություններով պայմանավորված այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իրականացված աշխատանքների արդյունքները:
Ստացվել եւ ուսումնասիրվել են վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում եւ ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչեւ քվեարկության օրը, 389-ը՝ քվեարկության օրը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում:
Նշված հաղորդում-ահազանգերից 217-ը, մասնավորապես, վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 42-ը՝ ընտրական քարոզչության եւ նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն, 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն եւ այլն:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում ուղարկվել է Ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, եւ դրանք թողնվել են անհետեւանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ընդհանուր 727 հաղորդումներից 287-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:
Հետաքննության կամ նախաքննության մարմինների նախապատրաստած նյութերով նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 18-ը՝ առերեւույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաեւ ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, որոնց թվում նաեւ՝ ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի: