Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներին՝ հրաժարվելու Սեւ ծովում Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ամերիկյան ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սեւ ծովում Ուկրաինայի հետ համատեղ կմասնակցի Sea Breeze-2021 զորավարժություններին:
Դրանցում ընդգրկված կլինեն ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների եւ գործընկեր երկրների՝ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի եւ Լատվիայի շուրջ 40 ռազմանավ:
Sea Breeze-2021 զորավարժությունների մասշտաբայնությունն ու ակնհայտ ագրեսիվ բնույթը ոչ մի կերպ չեն համապատասխանում Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության իրական խնդիրներին: Դրանք մեծացնում են չկանխամտածված միջադեպերի ռիսկերը եւ խրախուսում Կիեւի ռազմաշունչ տրամադրությունները»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ուշադիր հետեւում են Sea Breeze-2021 վարժանքների նախապատրաստմանն ու անցկացմանը: