Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանին մեղադրել է ստի եւ գերիների վերադարձի հարցը «տորպեդահարելու» մեջ:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Այվազյանը գործընկերներին ասել էր, թե ՀՀ-ն ականապատ դաշտերի քարտեզներ չունի: «Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծելու այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր»,- ասել է նա:
Արա Այվազյանը հրաժարվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները մեկնաբանելուց՝ դրանք որակելով «անհեթեթ զրպարտություններ»:
«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եվ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը Կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասել է նախկին արտգործնախարար Այվազյանը: