Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ Նորվեգիան, որոնք Եվրամիության անդամ չեն, արգելել են իրենց օդանավակայաններում բելառուսական ավիաընկերությունների օդանավերի վայրէջքները եւ թռիչքները, ինչպես նաեւ թռիչքներն իրենց օդային տարածքով:
Այդ երկրները միացել են Եվրամիության բոլոր 27 պետությունների կողմից Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հունիսի 4-ին ընդունված պատժամիջոցներին՝ ի պատասխան իռլանդական Ryanair ընկերության ուղեւորատար օդանավի՝ Բելառուսի տարածքում հարկադրված վայրէջքի եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչի ու նրա ընկերուհու ձերբակալության:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ողջունել է 7 երկրների որոշումը:
Ավելի վաղ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են ընդունել նաեւ ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեծ Բրիտանիան:
Բացի դրանից՝ ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Բելառուսի դեմ ոլորտային պատժամիջոցների կիրառմանը: Դրանք կանդրադառնան բելառուսական արտահանման վրա: Այս պատժամիջոցները հունիսի 24-25-ի գագաթնաժողովում պետք է հաստատեն ԵՄ պետությունների ղեկավարները: