Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հերքել է իրանական «Փարս 1» եւ «Նահիդ» («Վեներա») արբանյակների արձակման անհաջող փորձի մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով Մոնտերեյի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներին, հայտնել է, թե հունիսի կեսին իրանական արբանյակի՝ ուղեծիր արձակման փորձը ձախողվել է:
Նախարարը նշել է, որ «Փարս 1»-ի եւ «Նահիդ»-ի ստեղծման աշխատանքները լիովին ավարտված են, արբանյակները պատրաստ են արձակման: Սակայն բուն արձակումը դեռ տեղի չի ունեցել, քանի որ դրանք դեռեւս նախապատրաստական փուլում են:
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, մասնավորապես Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ուրի Օռլանդին նշել է, որ հունիսին ուշիուշով հետեւել է իրանական արբանյակի ձախողված արձակման աշխատանքներին, սակայն ձախողման պատճառների մասին տեղեկություն չունի:
CNN-ը շարունակում է պնդել, որ Իրանի կողմից արբանյակը երկրաշուրջ ուղեծիր դուրս բերելու փորձերն ավարտվել են մեկնարկի հրապարակում պայթյունով, կամ ամենավերջին փուլում ինչ-որ խափանում է տեղի ունեցել:
Նշենք, որ իր առաջին ռազմական «Նուր» («Լույս» ) արբանյակը Իրանն արձակել է նախորդ տարվա ապրիլի 22-ին:
Ավելի վաղ իրանական ԻՐՆԱ գործակալությունը հայտնել էր, որ իրանցի մասնագետներն աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբայնակների վրա, որոնցից հինգը մտադիր է արձակել մոտ ժամանակներս: