ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ ադրբեջանական զորքերի՝ ամբողջությամբ Հայաստանի տարածքը լքելուց հետո միայն:
«Մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք, ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայի դրա համար: Ռուսական կողմի հետ կա քննարկում, սակայն ռուս խաղաղապահները կտեղակայվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը դուրս գան»,- նշել է Ավինյանը։
Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում: Դրա մասին խոսել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հորդորել է սպասել։