ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Բեռլին՝ Լիբիայի հարցով բեռլինյան միջազգային համաժողովին մասնակցելու համար: Բլինքենին ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը: Արարողակարգի համաձայն՝ պետքարտուղարին կընդունի նաեւ կանցլեր Անգելա Մերկելը:
«Հուսով ենք՝ մինչեւ այս տարվա օգոստոս Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ փոխհամաձայնության կհասնենք»,- հայտարարել է Հայկո Մաասը՝ նշելով, որ պաշտոնական Բեռլինը քննարկումներ է անցկացնում նաեւ Կիեւի հետ:
«Իհարկե, շատ կուզեի լավ արդյունքի հասնել, եւ հուլիսին կանցլերի այցը Վաշինգտոն դա արձանագրելու ամենահարմար պահը կլիներ»,- ասել է Բլինքենը:
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն օգոստոսին եւս մեկ անգամ կանդրադառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցով պատժամիջոցներին, հետեւաբար նպատակահարմար կլինի, որ մինչ այդ փոխհամաձայնություններ ձեռք բերվեն:
Համաժողովից հետո Բլինքենը կմեկնի Փարիզ, Հռոմ եւ Վատիկան:
Իտալիայում՝ Բարի եւ Մատերա քաղաքներում, գումարվելու է «Մեծ քսանյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդաժողովը: