Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն հայտարարել է, որ վերջին տասնամյակներին միջուկային զենքի կիրառման սպառնալիքը երբեւէ այսքան բարձր չի եղել:
«Չկշռադատված գործողությունների, տհաճ միջադեպերի կամ սխալ հաշվարկի արդյունքում միջուկային զենքի օգտագործման ռիսկը ամենաբարձրն է Սառը պատերազմից ի վեր»,- նշել է Նակամիցուն՝ հավելելով, որ զենքի վերահսկման ռեժիմը շարունակում է փլուզվել:
Die Welt-ը հավելել է նաեւ, թե Բայդենն ու Պուտինը միմյանց վստահեցրել են միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու կամքի մասին։ Այդ գաղափարը, ըստ պարբերականի, կողմերի՝ ժնեւյան վերջին հանդիպման առանցքային թեմաներից էր։
Միեւնույն ժամանակ, Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հունիսի 14-ին հրապարակված վերջին զեկույցում արձանագրվել է, որ աշխարհում շուրջ 2000 միջուկային մարտագլխիկ ներկա պահին բարձր մարտական պատրաստության է բերված:
Ընդ որում, առյուծի բաժինը Մոսկվայինն ու Վաշինգտոնինն է: Ամերիկյան եւ ռուսաստանյան միջուկային մարտագլխիկները կազմում են աշխարհի միջուկային պաշարների ավելի քան 90 տոկոսը: Զեկույցի համաձայն՝ երկու գերտերություններն ավելի ու ավելի են կարեւորում միջուկային զենքը իրենց ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում։