Արտահերթ ընտրությունները փոփոխություն չբերեցին։ Մնացինք այնտեղ, որտեղ էինք։
Կարող էր շատ ավելի վատ լինել։ Կարող էր, ասենք, հաղթել Քոչարյանը, որի հաղթանակը Փաշինյանը չէր ընդունի ու բախման կգնար։ Կամ Քոչարյանը կարող էր անհամեմատ ավելի շատ քվե ստանալ, չճանաչել Փաշինյանի հաղթանակը եւ իր հերթին բախման գնալ։ Վատթարագույն այս սցենարներից, փաստորեն, խուսափել ենք։
Ի՞նչ խնդիր պետք է լուծեր մեր ընտրողը հունիսի 20-ին․
բ. պետք է ընտրեր ձախողվածին ու պարտվածին (Փաշինյան)
գ. պետք է ընտրեր ողջախոհությունը եւ իրատեսությունը (Հայ ազգային կոնգրես)
Հայտ ներկայացրած մնացած ուժերը տեղավորվում են այս երեք տարբերակների շրջանակներում։
Երրորդ տարբերակն ի սկզբանե պետք է բացառել։ Չէր կարող, չի կարող ու չի էլ կարողանալու իրատեսությունից հեռու, միշտ եւ բոլոր ժամանակներում ողջախոհությունը մերժող, սառը հաշվարկի արդյունքները տեսնել չցանկացող, խաբկանքներով ապրող հասարակությունն ընտրել նման առաջարկով հանդես եկած ուժին։
Առաջին ու երկրորդ տարբերակների դեպքում ընտրողը գործ ուներ իրար շատ նման երկու ուժերի հետ։ Երկուսն էլ մոլորեցնում էին։ Երկուսն էլ խոստումներ էին շռայլում։ Երկուսին էլ չէր հետաքրքրում, թե ինչ ճակատագիր են ունենալու այդ խոստումները։ Երկուսն էլ սպառնում ու հայհոյում էին։ Առանց աչք թարթելու երկուսն էլ ստում ու աղավաղում էին անցած օրվա մեր պատմությունը։
Իշխանական լծակներին տիրապետող ուժը, բնականաբար, հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ուներ։ Իզուր էր Քոչարյանը նախապես այդքան վստահ, թե ընտրություններին «մասնակցելու ու կրելու է»։ Նրա հույսը Փաշինյանի ձախողումներն էին ու Մոսկվայի առասպելական աջակցությունը։ Այդպես էլ չհասկացավ, որ 2018-ին ժողովուրդն իրեն/իրենց մերժել է ու հիմնավորապես է մերժել։ Այդ մերժումը հիմնավորված ու իմաստավորված է եղել։ Եվ Փաշինյանի ձախողումներն իրեն ավելի ընդունելի չէին դարձնելու։ Ինչպես նաեւ չհասկացավ, որ Մոսկվայի համար միեւնույնն է, թե հավատարմության երդում տվածներից որ մեկն է Հայաստանում առաջին համարի շապիկ հագնելու։
Ակնհայտ էր, որ ընտրությունների միջոցով գործող իշխանությանը հեռացնելու մեկ աշխատող տարբերակ կար։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էր՝ հանդես գալ ընդհանուր ճակատով՝ պայմանով, որ երեք նախկին նախագահները իշխանության չեն հավակնում։ Այս դեպքում բոլորովին այլ իրավիճակ կգրանցվեր։ Նոր իշխանություն կձեւավորվեր, նոր հնարավորություններ կուրվագծվեին։
Պարտված ու բոլոր բնագավառներում ձախողված իշխանությունն իր հաղթանակն արձանագրեց միայն ու միայն այն պատճառով, որ Քոչարյանին էր որպես իր մրցակից ընտրել/նշանակել։ Քոչարյանն էլ, խայծը կուլ տված, որոշել էր, թե կասկածից դուրս է իր հաղթանակը։ Ողջախոհ որեւէ առաջարկ լսել ու ընդունել չէր պատրաստվում։
Վերջին 23 տարիների ընթացքում երկրի կյանքում դրական դերակատարում ունենալու եզակի հնարավորություն էր ընձեռվել նրան, բայց տրվեց նա իշխանություն ձեռք գցելու գայթակղությանը։ Նրա հիվանդագին իշխանատենչությունը 1998-ին թույլ չտվեց դնել Ղարաբաղյան հակամարտության վերջակետն ու Հայաստանի պատմության նոր թվագրություն սկսել։ Այն օրերին գործած նրա/նրանց ճակատագրական քայլի արձագանքը 23 տարի անց՝ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, հնչեց պատերազմի ու ջախջախիչ պարտության տեսքով։
Այս անգամ արձագանքը երկար սպասեցնել չտվեց։
Արդարացում-զրույցները, թե նա մոլորված էր, թե սեփական թիմակիցներն են մոլորեցրել նրան, պարապ խոսակցություններ են։ Կարեւոր է, որ մեր երկիրը փակուղուց դուրս գալու հազվագյուտ հնարավորություն կորցրեց։
Քոչարյանը սա կհասկանա՞։ Կընդունի՞, որ սխալվել է։
Քիչ հավանական է։
Ավելի շուտ՝ անհավանական է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։