1918 թվականից ի վեր Հայաստանի երկու հարեւանները՝ Օսմանյան կայսրությունն ու նրա իրավահաջորդ Թուրքիան եւ Ադրբեջանը, ներկայացնում են պահանջներ եւ նախապայմաններ: Այդ պահանջներն ու նախապայմանները, մեծ հաշվով, չեն փոխվել մինչեւ այսօր եւ միշտ անընդունելի են եղել հայկական կողմի համար: Որոշ դեպքերում, հատկապես պարտված իրավիճակներում, Երեւանը համակերպվել է դրանց հետ:
Ի՞նչ պահանջներ են ներկայացնում Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր՝ 44-օրյա մեր պարտությունից եւ փաստացի անձնատվությունից հետո:
Բաքուն եւ Անկարան այսօր Երեւանից պահանջում են.
բ) ընդունել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ ժամանակակից Թուրքիայի սահմանները, այն է՝ վերահաստատել Կարսի պայմանագիրը, որի 100-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերին,
գ) Ադրբեջանին տրամադրել սուվերեն միջանցք, որով Բաքուն կկարողանա կապվել Նախիջեւանի եւ վերջինիս տարածքով՝ Թուրքիայի հետ,
դ) տարածքային հավակնություններ չներկայացնել Ադրբեջանին եւ Թուրքիային,
ե) Հայոց ցեղասպանության հարցը չդարձնել միջազգային օրակարգի թեմա:
Սա է իրականությունը, որքան էլ այն դառն է հնչում: Այս հինգ կետերը միշտ էլ եղել են Անկարայի եւ Բաքվի օրակարգում, պարզապես այսօր Հայաստանը խիստ թույլ եւ խոցելի վիճակում է եւ եթե ձգտում է խաղաղություն կնքելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա դրա համար վճարելիք գինը հայտնի է: Այլ բան է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է վճարել այդ գինը, թե՞ համակերպվելու է ապագայում եւս փակ սահմաններով ու տարածաշրջանում մեկուսացված վիճակով գոյատեւելուն:
Նախքան 44-օրյա պատերազմը Թուրքիան եւ Ադրբեջանը վերոնշյալ պահանջները ներկայացրել են, սակայն այն ժամանակ Հայաստանը պարտված եւ կապիտուլացված չէր, իր ձեռքի տակ ուներ յոթ շրջաններ, որոնցով կարողանում էր սակարկել: Այսօր ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան շահագրգռվածություն չունեն Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, վերջ տալ շրջափակմանն ու բացել սահմանները, քանի որ կռվի դաշտում գրավել են կորցրած շրջանները, ավելին՝ զավթել նաեւ Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքն ու համանուն շրջանի մի մասը, ինչպես նաեւ տարածքներ նախկին ԼՂԻՄ-ից:
1994-ի հաղթանակից եւ անժամկետ հրադադարից մինչեւ 2020-ի սեպտեմբեր Հայաստանը հնարավորություն ուներ արժանապատիվ, տանելի հարաբերություններ հաստատելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր դրան, սակայն Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը Հայաստանում իրականացրին ռազմական հեղաշրջում, զավթեցին իշխանությունը եւ այն ընտրակեղծարարության ու ոչ ժողովրդավարական միջոցներով պահեցին մինչեւ 2018-ի ապրիլ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բերելով արտաքին քաղաքականության օրակարգ, փորձեցին այն վաճառքի հանել: Օսկանյանը մասնավոր զրույցներում, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի հեռագրերում, չէր թաքցնում, որ ինքը Սփյուռքին կհամոզի Հայոց ցեղասպանության հարցը չպահել օրակարգում, եթե Թուրքիան Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ եւ բացի սահմանները: Թուրքիան, սակայն, որեւէ զիջում չարեց, ավելին՝ մենք ստացանք պատմաբանների հանձնաժողովի առաջարկ, որը անուղղակի ձեւով տեղ գտավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելի համարվող հայ-թուրքական երկու արձանագրություններում 2009 թվականին:
Արցախի հարցում Քոչարյանն ու Օսկանյանը չէին շտապում: Նրանք պնդում էին, որ ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին, որ Հայաստանը կարող է զարգանալ շրջափակման պայմաններում: Այսօր անգամ Քոչարյանը հայտարարում է, որ հնարավոր էր ստատուս-քվոն եւս 30 տարի պահել: 44-օրյա պարտության մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն նաեւ Քոչարյանն ու Օսկանյանը, Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը:
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն անպատասխանատու Քոչարյանի, Ղուկասյանի ու Օսկանյանի, գիտակցում էր, որ ժամանակն աշխատում է մեր դեմ, որ ոչմիթիզականությունը կործանարար է Հայաստանի եւ Արցախի համար, սակայն չունեցավ համարձակություն մտնելու պատմական բեռի տակ եւ գնալու ցավալի փոխզիջումների:
Հայաստանի ղեկավարների մեջ միակը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի նախագահության տարիներին Հայաստանը դարձել էր 42 հազար քառակուսի կիլոմետր, եւ նա էր, որ գիտակցում էր փոխզիջումների եւ շուտափույթ խաղաղություն հաստատելու պատմական անհրաժեշտությունը:
Գուցե պատմության հեգնանք է այն, որ այսօրվա խորհրդարանում ներկայացված են երեք ուժեր, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում այսօրվա ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության փաստացի կորստի հետ:
Խորհրդարանի մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը 15 հազար զոհերի ու վիրավորների, 8000 քառակուսի կիլոմետր հող կորցնելու, Հայաստանի մեջքը կոտրելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է:
Խորհրդարանի երկրորդ ուժը Ռոբերտ Քոչարյանն է ու նրա թիմը՝ մեր այսօրվա ստորացված վիճակի թիվ երկու մեղավորն ու պատասխանատուն:
Սերժ Սարգսյանի թիմը խորհրդարանի երրորդ ուժն է՝ մեր պարտությունների թիվ երրորդ մեղավորն ու պատասխանատուն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։