Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ներում է շնորհել Կատալոնիայի բանտարկված անջատական առաջնորդներին:
Ընդհանուր հաշվով համաներումը վերաբերում է շուջ 3 հազար քաղաքացիների, այդ թվում՝ Իսպանիայից փախուստի դիմած Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուջդեմոնին:
Համաներում ստացած Կատալոնիայի անկախության գաղափարի ջատագովները այսօր բանտից դուրս գալուն պես պարզել են «Ազատություն Կատալոնիային» գրությամբ պաստառը եւ հայտարարել, թե շարունակելու են պայքարը երկրամասի անկախության համար:
2017-ին անկախության զանգվածային ակցիաներ՝ ապօրինի հանրաքվե կազմակերպելու եւ անջատական գործունեության մեղադրանքով Մադրիդի դատարանը 2019-ին կատալոնացի ինը քաղաքական առաջնորդներին դատապարտել էր 9-13 տարվա ազատազրկման:
Անկախության շարժման ակտիվիստ, Կատալոնիայի մշակութային կենտրոնի նախկին նախագահ Ժորդի Կուիխարտը ասել է, որ գոյություն չունի Կատալոնիայի ժողովրդին լռեցնելու ունակ համաներում:
«Նրանք չկարողացան մեզ լռեցնել, այսօր պարզ ճակատով դուրս ենք գալիս եւ կանգնում ձեր առջեւ, ինչպես դա արել ենք անցած տասը տարիներին: Նրանք մեզ երբեք չեն լռեցնի, եւ մենք երբեք չենք լռի»,- ասել է Կուիխարտը:
Մադրիդը պնդում է, որ Կատալոնիան չի ունեցել անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք, քանի որ այն հակասում է երկրի սահմանադրությանը: