Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցելու մտադրություն չունի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Փհենյանը պետք է պատրաստ լինի թե՛ երկխոսության եւ թե՛ հնարավոր առճակատման:
«Մենք անիմաստ ենք համարում ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանելու գաղափարը եւ այս պահին այն նույնիսկ չենք քննարկում: Դա ժամանակի անիմաստ վատնում է»,- ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Սոն Գվոնը:
Գվոնը հավելել է նաեւ, որ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն միանշանակ համամիտ է Բանվորական կուսակցության կենտկոմի քարոզչության եւ ագիտացիայի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնի հետ այդ հարցում:
Կիմ Յո Չժոնը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն է:
Վերջերս նա հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պետք է զգուշորեն ըմբռնի Փհենյանից հասնող ազդակները՝ հնարավոր հիասթափություններից եւ սխալ ակնկալիքներից խուսափելու համար:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով Կիմ Յո Չժոնի հայտարարությանը, նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնելու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանն ու պատրաստ է շարունակել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ: