ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Զախարովան տեղեկացրել է, որ հաջորդ երկուշաբթի գերագույն հանձնակատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, ինչը նպաստավոր կանդրադառնա ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացման վրա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փախստականների, ներքին տեղահանվածների եւ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին»,- ընդգծել է Մարիա Զախարովան: