Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել բոյկոտելու կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Նիդերլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձեւ է ընդունել։ Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։
«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռեւս 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաեւ բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,- ասված է բանաձեւում։
Հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անցկացվում է 10 քաղաքում: Եվրո-2020 մրցաշարը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց եւ անցկացվում է այս տարի: