ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Հայաստանում իրականացված պատվաստումների քանակն այսօր կհատի 70000-ի սահմանը։
Ավանեսյանը նշել է, որ ընտրություններից հետո պատվաստումների տեմպը աճել է․ նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված՝ մարդկանց առաջնահերթությունները փոխվել էին։
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասել է, որ աշնանը Հայաստան կմտնեն նոր պատվաստանյութեր՝ 1 դեղաչափով ներարկվող johnson & johnson-ի պատվաստանյութը եւ «Նովովակցինա»-ն։
Նախարարի պաշտնակատարը դարձյալ կոչ է արել քաղաքացիներին հանգստի մեկնելուց առաջ ու արձակուրդային սեզոնին պատվաստվելու` նշելով, որ 70000 պատվաստումների մեջ ոչ մի մտահոգիչ դեպք չի գրանցվել։
Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում ներկայում կորոնավիրուսային իրավիճակը բավական հանգիստ է, բայց համավարակին վերջնականապես վերջ դնելու միակ տարբերակը պատվաստումներն են։
Շաբաթվա սկզբին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել է, որ գալիք երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության 600 նոր դեպք են կանխատեսում, որից 180-ը կհոսպիտալացվի, իսկ 5-ի վիճակը ծայրահեղ ծանր կլինի։ Նա ընդգծել է, որ դա կարելի է կանխել պատվաստումների միջոցով, այլապես Հայաստանում կգրանցվի կորոնավիրուսի չորրորդ ալիքը։
Սահակյանը նշել է, որ տարածաշրջանում վերջին տեղում ենք պատվաստումային ցուցանիշներով։ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության ընդամենը 2 տոկոսը։ Հակառակ դրան՝ ավելանում է Հայաստանում պատվաստվել ցանկացող օտարերկրացիների թիվը. այս առումով հնարավոր է առաջիկայում նախարարությունը վերանայի պատվաստումային իր քաղաքականությունը։