ՀՀ ՊՆ պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 1-ը կմասնակցի հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվի ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հարցը։
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը։
ՌԴ կմեկնի նաեւ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանը:
Պատվիրակության կազմում կլինեն նաեւ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ Արսեն Պապյանը եւ այլք։
ՀՀ ԱԳՆ-ից պատվիրակության կազմում է Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը։
Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը, կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության պետ Գեւորգ Մանուկյանը եւ այլք։