Հիշո՞ւմ եք, 44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սենսացիոն բացահայտում արեց, որ առաջնագծի մի հատվածում ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը հրաժարվել է մարտի մտնել: Եվ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն արդարացրեց հատուկջոկատայիններին: Ասաց, որ նրանք չեն պատրաստվել «խրամատ մտնելու համար»: Թե ինչու էր այդ դեպքում «այլ նպատակների» կոչված զորաջոկատը տարվել ռազմաճակատ՝ չխորանամ:
Անմոռանալի է Մովսես Հակոբյանի մյուս ձեւակերպումը, թե սխալ է, որ զորքին մարտական խնդիր է առաջադրում Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահը, ով սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ԱՀ տարածքային ամբողջականության երաշխավորը:
Այդ սահմանադրությունն ընդունվել է 2017 թվականին՝ Հրայր Թովմասյանի եւ Ռուբեն Մելիքյանի համահեղինակությամբ: Իսկ քաղաքական կնքահայրը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի, Արցախի ժողովրդավական կուսակցության եւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Նա է լեգիտիմացրել Հայաստանի իշխանությունների պարտադրանքը՝ ընդունելու «սուպերնախագահական կառավարման» սահմանադրություն: Ի՞նչ նախագահական, առավել եւս՝ սուպերնախագահական կառավարման մասին է խոսքը, եթե Արցախի նախագահը ոչ միայն ՊԲ գերագույն գլխավոր հրամանատար չէ, այլեւ մարտական խնդիր առաջադրելու իրավունք չունի:
Այս վերջին քարոզարշավի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի ուշագրավ բացահայտում արեց: Պարզվում է՝ 1999-ի տարեվերջին Հայաստանում ստորագրվել է հրապարակման ոչ ենթակա հրամանագիր, որով ՊԲ կառավարումն ուղղակիորեն վերապահվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին: Տրամաբանորեն հետեւում է, որ քաղաքական ենթակայությունն էլ անցել է Հայաստանի նախագահին:
Ահա այսպես:
Իսկ Ղարաբաղյան առաջին պատերազմի երկու տարիներին Երեւանում ոչ մեկի մտքով իսկ չէր անցնի բարձրաձայնել, թե սխալ է, երբ զորքին մարտական խնդիր է առաջադրում Ռոբերտ Քոչարյանը, կամ պահանջեին, որ Սամվել Բաբայանն ուղղակի ենթարկվի Վազգեն Մանուկյանին կամ Սերժ Սարգսյանին:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը վստահաբար խոսում է առաջին պատերազմում հաղթանակից, իսկ Սամվել Բաբայանը՝ «օպերացիաներ մշակելուց եւ իրականացնելուց»: Ֆորմալ իրավունք ունեն, որովհետեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը նրանց ընդունել է ոչ իբրեւ ենթակաների, այլ ռազմա-քաղաքական գործընկերների եւ հարկ եղած դեպքում վիրտուոզ դիվանագիտությամբ միջազգայնացրել ԼՂ սուբյեկտությունը:
Երկու օր է՝ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են: Մի քանի տասնյակ «փափկասուն տիկնայք» վանկարկում են «դա-վա-ճան»: Հասցեատերը նախագահ Արայիկ Հարությունյանն է: Բոլորովին այլ թեմա է, թե ինչու պատերազմից յոթ-ութ ամիս եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ-երկու օր անց է ծագել այդ «ինքնաբուխ զայրույթը»: Հարցը դիտարկելի է այլ հարթությունում. ինչպե՞ս կարելի է «դավաճան» անվանել մի պաշտոնյայի, ով զորքերի կառավարման, անգամ առանձին ստորաբաժանման մարտական խնդիր առաջադրելու իրավասություն չի ունեցել:
Ո՞վ է պատասխանատու սահմանադրական այս կազուսի համար, երբ թեկուզ չճանաչված, բայց փաստացի կայացած երկրի նախագահը ֆորմալ առումով պատասխանատու է տարածքի ամբողջականության, մարդկանց անվտանգության համար, բայց իր պարտականությունն իրականացնելու ոչ մի լծակ չունի: Սա ի՞նչ անուն ունի:
Ապրիլյան քառօրյայից մեկ տարի անց ընդունել սահմանադրություն, բայց երկրի ղեկավարին փաստացի զրկել իր տարածքում, իր տանը բռնկված պատերազմը կառավարելու իրավունքի՞ց: Ի՞նչ հաշվարկ են ունեցել: Որ պատերազմ չի՞ սկսվելու: Ո՞վ էր երաշխավորը: Եթե չսկսվելու երաշխիք կար, ապա չպետք է լիներ ապրիլյան քառօրյան: Իսկ եթե պատերազմ էր կանխատեսվում (եթե չի կանխատեսվել, ուրեմն ունեցել ենք անգործունակ իշխանություն), ապա զորքերի կառավարման այն մոդելը պիտի վերականգնվեր, ինչ ունեցել ենք առաջին պատերազմի տարիներին:
Պարտադիր չէր սահմանադրությամբ Արցախի նախագահին գերագույն գլխավոր հրամանատար օծել: Գործնական, կիրառելի լուծումներ պետք է գտնվեին՝ հրապարակման ոչ ենթակա հրամանագրերով, այլ ենթաօրենսդրական կամ նույնիսկ օրենսդրական ակտերով, որոնք Արցախի նախագահին կօժտեին առարկայական լիազորություններով:
Ոչինչ չի արվել: Չի արվել նաեւ 2018-ի իշխանափոխությունից հետո: Արցախի ՊԲ վերահսկողության իրավունքը, հավանաբար, չափազանց գայթակղիչ մի բան էր: Այլապես 1999-ի տարեվերջին գաղտնի հրամանագիրը չէր ընդունվի: Եվ ի՞նչ: Ոչինչ, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, պարզվում է, հունիսի 21-ի «ինքնաբուխ ակցիան» կազմակերպել է 5-րդ ալիքի արցախյան լրագրողուհին:
«Դա-վա-ճա՜ն»՝ էքստազի մեջ վանկարկում են արցախուհիները: Նրանցից շատերը մեկ-երկու օր առաջ են Հայաստանից վերադարձել, որտեղ գործուղվել էին բարեկամ-ընկերներին, ծանոթներին համոզելու, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի, ո՛չ, հենց ուղղակի Ռոբերտ Քոչարյանի օգտին: Դառը պատկեր է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։