Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել եւ տարհանվել է 1585 աճյուն:
Որոնումները շարունակվելու են: Ուղղությունների եւ արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի:
Ավանեսյանը շեշտել է, որ իրավիճակից դուրս գալու հարցով ԱՆ հետագա պատկերացումները եւ պաշտպանության նախարարության ու կառավարության հետ միասնական դիրքորոշումը կներկայացնեն երկու շաբաթից։