ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ:
Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:
Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020-ի նոյեմբերի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:
«Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով»,- նշված է հայտարարության մեջ:
Պուտինը եւ Էրդողանը անդրադարձել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերին։ Ռուսաստանի նախագահը նաեւ փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից: