Հռոմի պապը մտահոգություն է հայտնել աշխարհում, այդ թվում Պաղեստինում, Սիրիայում եւ Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ։
Ըստ Vaticannews-ի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Արեւելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշատակել է իր այցը Հայաստան:
«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, այս տարածաշրջանին նորից վերքեր են հասցվել։ Եվ ես շնորհակալ եմ Վրաստանի եւ Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որ կաթոլիկ համայնքը շարունակի մնալ ավետարանական կյանքի նշան եւ խթան»,- ասել է Հռոմի պապը:
Հռոմի պապը նաեւ կոչ է արել ականջ դնելու աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին։ «Սիրիայից բխող ճիչը միշտ լսելի է Աստծո սրտում, բայց երեւում է` այն ի վիճակի չէ դիպչելու մարդկանց սրտերին, որոնց ձեռքերում են ժողովուրդների ճակատագրերը»,- ընդգծել է Հռոմի պապը։
Նա «սկանդալ» է անվանել այն, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է արդեն տասը տարի՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի եւ միլիոնավոր տեղահանվածների։ Հռոմի պապը շեշտել է, որ Սիրայի վերականգնման համար պակասում են «այդ տառապյալ ազգի բարեկեցությանն ուղղված խիզախ որոշումները»։