Թուրքական ազգայնամոլական Yeni çağ gazetesi («Նոր դար թերթ») պարբերականի վերլուծաբան Արսլան Թեքինը «Հայաստանն առանց Թուրքիայի չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին։
Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում եւ համակերպվում է այն հանգամանքի հետ, որ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»:
Թեքինը հիշեցրել է Փաշինյանի այն արտահայտությունը, թե «թշնամությունը պետք է կառավարելի դարձնել», ապա հավելել, որ անցյալում տառապանքները եղել են երկուստեք, ու դրանք պատմության մեջ պետք է մնան որպես ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ ամեն անգամ հետ գնալով՝ նոր վերքեր կբացվեն, իսկ ժողովուրդն էլ անվերջանալի լարվածության կմատնվի:
Թեքինը համոզմունք է հայտնել, որ թշնամությունը կառավարելի դարձնելու մասին Փաշինյանի արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի համար բաց դուռ թողնելու ազդակ:
«Նոր իշխանությունը պիտի քննարկի բոլոր զարգացումները եւ մշակի ճանապարհային քարտեզ տեսանելի ուղղությամբ: Նախ եւ առաջ իր ուղղությունը պետք է փոխի դեպի Անկարա:
Թուրքիան պատրաստ է ամեն տեսակի դռները բացել, միայն թե հայերը իրենց ազատագրեն Սփյուռքի բռնակալությունից եւ առողջ դատեն»,- եզրափակել է թուրք վերլուծաբանը։