Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Չորրորդ պատմության հերոսը Մարիամ Դաբաղյանն է Գյումրիից: Մարիամի ամուսինը՝ Հովհաննես Իգիթյանը, զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում: Մարիամն իր մոր եւ երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը՝ Գյումրու Անտառավան թաղամասում:
Մարիամի եւ նրա մոր՝ Սոնյա Դաբաղյանի հետ զրուցել ենք 2021-ի ապրիլին Գյումրիում:
Մարիամ Դաբաղյան, Հովհաննեսի կինը. Ես Մարիամն եմ: Ծնվել եմ 1992-ին քաղաք Գյումրիում ապրիլի 15-ին: Սովորել եմ առաջին դպրոցում, ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտը, ունեմ բարձրագույն կրթություն, թարգմանչուհի եմ: Ունենք երկու երեխա: Տղաս՝ մեծս, երկու տարեկան է, դուստրս չորս տարեկան է: Ութ տարի համատեղ ապրելուց ոչ մի խնդիր չենք ունեցել: Սկզբում գնում էր արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն: Հետո որոշեց, որ պիտի ծառայի հայրենիքին եւ որոշեց, որ գնա Արարատ Զոդում աշխատելու: 2019-ին թղթերը տվեց եւ ընդունվեց աշխատանքի: Սիրով բարձրանում էր դիրքեր, 16 օր դիրքերում էր գտնվում, 12 օր տանն էր գտնվում: Այդ 12 օրը երեխաներս անհամբերությամբ էին սպասում, թե պապան երբ է տուն գալու: Տղաս այդ ժամանակ մանկապարտեզ էր հաճախում, իր դաստիարակների հետ հաշվում էին օրերը՝ երբ է հայրը տուն գալու:
Սեպտեմբերի 15-14-ին տղայիս առաջին դասարանն էր, անհամբերությամբ էր սպասում, արձակուրդ վերցրեց, որ տղայիս տանի առաջի դասարան: Տարանք: Սեպտեմբերի 15-ին իրենց տագնապով բարձրացրեցին դիրքեր: Գնաց դիրքեր, մնաց մեկ ամիս, հոկտեմբերի 7-ին զանգահարեց, ասեց, որ իրենց տանում են: Խնդրեց, որ վերջին անգամ իր երեխաներին տանեմ, ինքը տեսնի, որ գնալու ա պատերազմ: Հոկտեմբերի 8-ի առավոտյան մենք մեկնեցինք Երասխ, որ իրեն ճանապարհենք: Գնացինք: Ընդամենը մի 15 րոպե ենք իր հետ շփվել: Երեխաներին տեսավ, գրկեց, սիրեց, ու էդպես մեքենաները շարժվեցին: Հոկտեմբերի 9-ին հասել են տեղ, Ջաբրայիլում է եղել, հոկտեմբերի 10-ին զրուցել եմ իր հետ վերջի անգամ: Դստեր հետ ուզեց խոսել, մի պահ դստեր հետ խոսեց ու կապը ընդհատվեց: Կապը ընդհատվեց, հոկտեմբերի 11-ից լուր չունեինք… Լուր չունեինք, անընդհատ սպասում էինք: Մամաս ասում էր՝ կարող է հեռախոսն է անջատվել, ինչ-որ բան էն չի, բայց ես, ինչ-որ վախ կար սրտումս… Հոկտեմբերի 13-ին ինձ զանգահարեցին, ասեցին, որ տեգորս համարը տամ, որպեսզի իրենց պիտի հագուստ ուղարկենք: Ես չհավատացի: Ու այդ օրը ինձանից թաքցրեցին դեպքը, տեգրս խաբեց ասեց, որ վիրավոր է: Մի օր պահեցին, ամսու 14-ին արդեն դեպքը իմացանք, որ Գորիսից բերելու են: Էդպես բերեցին, 16-ին հուղակավորեցինք Շիրակի պանթեոնում: Չգիտեմ, դաժան օրեր էին…
Այդ օրը տղայիս հետ մենակ էի տանը, աղջիկս մանկապարտեզում էր, որ ինձ զանգահարեց ամուսնուս ընկերոջ կինը, հեռախոսի համարը որ ուզեց, ես միանգամից հասկացա՝ ինչ կադարվավ:
Տղաս հակսացել է: Հասկացել է, զանգահարել է տատիկին, ասել է՝ տուն արի, մաման լավ չի, ու գնացել է մեր հարեւանի տուն, էնտեղ է մնացել: Սկզբից չասեցինք երեխաներին՝ ինչ է կատարվել: Ամսու 14-ին, որ նկարը բերել են, տղաս, դե մեծ է, 7 տարեկան է, հասկացել է, բղավելով ճչացել ու փախել էր:
Սոնյա Դաբաղյան, Մարիամի մայրը. Ինքը մեծատառով մարդ էր, ուրիշ բան չեմ ասում, մեծատառով մարդ էր: Ինքը գիտեր մեծին հարգել: Տարիուկես մենք իրար հետ ապրանք, դաժե իմ հարեւանները սաղ գիտեին, թե նոր էկող հարեւան ա: Իրա ընգերները կուգային մեր տուն, սաղ գիդեին, թե իրա մաման եմ ես: Սաղ կզարմանային՝ ինչղ թե դու զոքանչն ես: Հա, կսեի՝ ինչ տարբերություն, եթե ես իմ աղջկաս կսիրեմ, եթե կընդունեմ իմ էրեխուս, ինքն էլ իրա կեսն է, հասկացող մայրը էդպես պետք է գնահատեր: Հետո լուրը իմացա… Աղջիկս կուլար՝ խաբար չկա Հովհաննեսից: Մա, խաբար չկա՞ Հովհաննեսից: Ազիզ ջան, ըսի՝ կարող ա հեռախոսը փող չկա: Ասի վազեմ, էրթանք խանութ հեռախոսը լիցքավորենք: Ու անընդհատ կուզեմ մի բանըմ էնեմ, որպեսզի խաբար առնի, օր իմ էրեխեն իմ աչքիս դեմը չտանջվի:
Մարիամ Դաբաղյան, Հովհաննեսի կինը. Մի անգամ մահից էր փրկվել: Կրակել էր սնայպերը, ոտքը առաջ էր դրել, ու փամփուշտը հետ էր անցել: Էկավ, իջավ, մենք մատաղ արեցինք էդ ժամանակ, աչքալուսանք:
Բայց հենց որ իրենց տարան, սեպտեմբերի 15-ին զորավարժությունների տարան, զանգեց ասեց, որ զորավարժությունները այս անգամ լրիվ ուրիշ էին, ինչպես որ պատերազմը լիներ: Զինուժը նկարել էր իրենց, քցել էին, ասեց միացրա նայի, տես ինչ վիճակ է: Ես միացրեցի: Սպասում էին, որ լինելու է, բայց որ օրը, դեռ չգիտեինք, իրենց մոտ էլ խախանդ չէր:
Սոնյա Դաբաղյան, Մարիամի մայրը. Իմ Վալերիկս [Հովհաննեսի եւ Մարիամի որդին] ահավոր շատ դժվար է տանում հոր մահը, չեք պատկերացնում: Հոր մահը իրա համար դառավ մի հատ չգիտեմ ինչ: Ինքը դառավ չլսող, չար: Չէր կենտրոնանա ոչ մի բանի վրա: Ամեն բանի կըսեր՝ տա՛տ, մինչեւ հմի էլ կըսե, տա՛տ, ընչի՞ ընոր պապան չգնաց պատերազմ, իմ պապաս գնաց: Ազիզ ջան, դե բոլորն օր չգնային, էսօր մենք էլ չէինք լինի: Թուրքը կարող էր բոլոր Հայաստանը գրավեր, մենք էլ չլինեինք: Պապան գնաց, որ էսօր դուք լինեք: Բոլոր երեխաները լինեն: Տա՛տ ջան, որ մեծանամ, կթողա՞ս դառնամ զինվորական, որպեսզի ես էդ հարցերը լուծեմ, որ էսօր ես պապա չունեմ: Ազիզ ջան, լավ սովորի, եթե կուզես՝ դարձի, քո կամքին ոչ ոք դեմ չի կանգնի: Էդ հիմա ապրում ենք, ճիշտ է, շատ դժվար: Երեխաներս՝ ահավոր դժվար: Տունը տղամարդ չկա: Հարց են տալիս. «Տա՛տ, ինչո՞ւ ո՛չ պապ ունենք, ո՛չ պապա ունենք, տունը տղամարդ չկա»: Էսպես է ստացվել, բալա՛ ջան, ի՞նչ էնեմ, տատիկդ կուզե՞ր: Չէր ուզեր: Երեւի մեր ճակատագիրը էսպես էր, օր էսօր դուք էդ թուրքերից պաշտպանվել եք, չգիտեմ ինչ պատահեց, չգիտեմ… Ունեմ էս մե երեխան ու էս ձեւով: Հեչ բան չեմ ասում, կուզեմ, որ իրանք շատ լավ մարդ դառնան: Պայքարում եմ: Էսպես ասած պայքարում ենք: Դպրոցն էլ լավ սովրի, պարապմունքների թող հաճախեն երեխաներս, որպեսզի հեչ մարդ չասի՝ իրանք պապա չունեն, զուրկ են: Ես ուզում եմ ավելի շատ հաճախեն: Ավելի ամեն ինչից էրեխեքս գոհ լինեն, ամեն ինչ գիտենան, հասկանան էս կյանքի դառնությունները, մենակ իրանց պապայով հպարտանան: Ուրիշ հեչ բան չեմ ասում: Իրանց պապայով, մամայով հպարտանան երեխաներս, թող միշտ ուրախանան, որ իրանք հերոս հայրիկ ունեն:
Մարիամ Դաբաղյան, Հովհաննեսի կինը. Ամուսինս որոշել էր սեփական տուն գնել մեզ համար, մենք տեղափոխվեինք սեփական տուն, ինքը աշխատեր, ես էլ ինձ աշխատանք գտնեի: Մեր երեխաների ապագա կյանքն էինք որոշել: Ասում էր, որ տղայիս պիտի տանք ուսման ու պիտի սովորի, լավ մարդ դառնա, որպեսզի հետագայում լավ աշխատանք ունենա: Ծառայել է Մարտունի 3-ում, եղել է հրաձիգ վարորդ, ու սիրում էր: Մենք նախընտրեցինք, ասեցինք, որ Գյումրիում աշխատանք փնտրի քեզ համար, էստեղ աշխատի, էլի գնա վայեննի դարձի: Չէ՛, ասեց, ես պիտի գնամ առաջնագիծ, ու որոշեց, որ պիտի Արարատում ծառայեր: Ես չգիտեմ հիմա երեխաներիս ինչ բացատրեմ, թե ինչու իրենց հայրիկը տուն չի գալիս: Իմ աղջիկս որոշել է մեծանա, պիտի զինվորական դառնա, որ գնա թուրքերին խփի, օր իր պապային տուն բերի: Ասում է, որ իրենք չեն թողնում, որ պապան տուն գա: Աղջկաս սկզբից խաբում ասում էի, որ պապան աշխատանքի է, գալու է: Անհամբեր սպասում էր: Տղայիս էլ բացատրեցի, որ պապան գնացել է երկինք՝ Աստծո մոտ, մեզ աստղերի միջոցով է հետեւում: Սկզբից ասում էր, որ իմ հայրիկիս հետ բեր ինձ, չէր համակերպվում: Հիմա որոշել եմ տղայիս պարապմունքների տանեմ, որպեսզի առօրյան մի քիչ փոխվի, որ շատ էդ ուղղությամբ չմտածի: Ամբողջ օրը իրեն զբաղեցնում եմ պարապմունքներով: Լավ սովորող է, առաջին դասարանում է սովորում:
Սոնյա Դաբաղյան, Մարիամի մայրը. Տնօրենը հարցրել էր Նոր տարվան՝ ի՞նչ ես ուզում Ձմեռ պապը քեզի նվեր բերի, Վալերի՛կ ջան: Տնօրենին պատասխանել էր՝ ես էն սամալյոտն եմ ուզում, որը էկել էր իմ պապայի վրա: Տնօրենը շատ դժվար էր տարել հուզմունքը իրա: Ասաց սաղ քաղաքը ման եմ էկել, բայց գտել եմ սամալյոտը: Գնացի թոռնիկիս դպրոցից տուն բերելու, ինքը տնօրենի մոտ էր: Վայ, ասի, էլի չարություն է արել: Ինքը պապայից հետո շատ չար դարձավ, շատ չարություններ կեներ, ուղղակի իրա մեջ էդ խանդն էր խոսում, կարոտն էր խոսում, ինքն ամբողջ օրը օրերն էր հաշվում: Էդ ա, դուրս էկավ, ասի՝ ի՞նչ էր պատահել, բա չէ՛, ըսավ, ես իրեն հարցրել եմ, ինքը ինչ է ուզում, ինքը պատասխանել է՝ էն սամալյոտը, որը ընգել է պապայիս վրա: Էս սամալյոտը բերել ենք տուն, ու ինքը մի հատ չի խաղում: Բերել ա, դրել ա իրա Հովհաննես պապայի մոտ, իրա բերանով ինքն է ասում՝ Հովհաննես պապաս: Ես ուզում եմ իմ 33 տարեկան Հովհաննես պապաս, իմ պապայիս բերեք, ինձի տվեք: Գերեզմանին էլ տարել դրել ա իրա մեծ ավտամատը, որպեսզի թուրքերից պաշտպանվի պապան: Ինքը շատ զգայուն երեխա է, հասկանում է ամեն ինչ: Փոքր թոռնիկս փոքր է, հլը չի հասկանում էդքան բանը, սպասում է պապային: Բայց ինքը [Վալերիկը] ամեն գերեզման էթալուց հետո էդ օրը շատ դժվար է տանում… Մենք իրեն համոզում ենք, որ դու հերոս հայրիկ ունես, լավ հայրիկ ունես, դու պետք է հպարտանաս, որ դու Հովհաննեսի տղան ես: Տատի՛կ ջան, ես իմ պապայիս եմ ուզում: Ինքն ամեն ինչ կտա, որպեսզի իրա պապան ետ գա, ամեն ինչ: Իրա ամենասիրած խաղալիքներն էլ կտա, ամեն ինչ էլ կտա, մենակ պապաս հետ գա, սպասում է…
Մարիամ Դաբաղյան, Հովհաննեսի կինը. Որոշեցին ամուսնուս արիության մեդալով պարգեւատրել: Պարգեւատրեցին: Էստեղի զինկոմիսարիատից էին բերել մեդալը: Տղաս ասաց՝ մայրի՛կ, մեզ ինչ պետք էր մեդալը, թող մեր պապային բերեին, մեդալը իրենց պահեին: Ասեցի՝ Վալերիկ ջան, պապային որպես հետմահու պարգեւատրել են, արիության համար, ասել է՝ ինձ էդ պետք չի, մամա, ինձ պետք է իմ հայրիկը:
Ես հիմա ուղղակի շփոթված եմ, չգիտեմ՝ երեխայիս ինչպես բացատրեմ, որ պապան մահացել է հանուն հայրենիքի, դեռ փոքր է, չի գիտակցում: Չգիտեմ, երեւի կմեծանա, կհասկանա, ամեն ինչ կգիտակցի էդ ժամանակ: Ուղղակի հիմա մի փոքր… Չգիտեմ, մեզ ոչինչ պետք չէր, թեկուզ պետության գումարները, թեկուզ հիմնադրամի գումարները, ես ասում էի՝ թող ոչ ոք մեզ հետ չխոսա, բոլորը խռով լինեին, միայն ինքը տանը լիներ, երեխաներիս գլխին լիներ:
Ինչքան որ ինքը աշխատում էր, հասցնում էր, մենք ամեն ինչ հասցնում էինք, ոչ ոքից երբեք ոչինչ չենք խնդրել: Ուղղակի էդ էր Աստծուց խնդրանքս, բայց չկատարվավ երազանքս: Մնացի… Հիմա մտածում եմ երեխաներիս ապագաների մասին, որ պապայի պես բարի, խելացի, շնորհքով մեծանան տղաս, աղջիկս… Չգիտեմ, հիմա ապրում եմ միայն իրենց համար, կյանքը կանգ է առել: Հավատս չի գալիս, մտածում եմ, որ երազ է, մի պահ էդ երազից կարթնանամ, եւ ամեն ինչ կփոխվի: Բայց չէ, քանի գնում, օրերը ինչքան անցնում են, էդքան ավելի է դժվարանում: Սկզբից ասում էի՝ ժամանակը կբուժի վերքերը: Բայց սուտ է, ինչքան գնում է, ավելի է ծանրանում: