ՀՀ Կառավարությունը կես տարով երկարաձգել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Թուրքական ապրանքների տաբուն կգործի մինչեւ 2022-ի հունվարի 1-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ նախորդ 6 ամսվա արգելքի պայմաններում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։
Էապես փոխվել է նաեւ ներմուծվող ապրանքների կազմը։ Ավիավառելիքի, ցիտրուսային մրգերի, բանջարեղենի, մաքրող միջոցների, տրիկոտաժե գործվածքի փոխարեն այժմ հիմնականում ներմուծվում են շինանյութ, տրիկոտաժե եւ բամբակե գործվածք, բնական կաշի։
Քերոբյանը նշել է, որ տեղական կաշվի արտադրությունը զարգացնելու նպատակով Կառավարությունը չմշակված կաշվի արտահանման արգելք է սահմանել, որպեսզի այն էժան գներով արտահանվելու փոխարեն մշակվի տեղում ու արտահանվի արդեն որպես պատրաստի արտադրանք։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլեւ անվտանգության՝ Հայաստանի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցման տեսանկյունից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ վերջին 15 տարվա ընթացքում` 2004-2020-ի առաջին կիսամյակը ներառյալ, Հայաստանը 2 միլիարդ 822 միլիոն դոլարի թուրքական ապրանք է գնել։ Ներկրված ապրանքի 44,4 տոկոսը բաժին է ընկել գործվածքին, հագուստին եւ կոշիկին։