Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հունիսի 25-ի նիստում հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։
Հանձնաժողովի նիստին ներկա է եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին:
ՀՌՀ-ի եզրակացությանը կհրապարակվի եւ կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՌՀ-ն նշել է, որ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր Հեռարձակողները մասնակցել են նախընտրական քարոզչությանը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ քարոզչությանը մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին ամենաշատ եթերաժամանակը տրամադրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից: Նախընտրական քարոզչության մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել:
Մի քանի լրատվամիջոցներ կազմակերպել են բանավեճեր, այդ թվում նաեւ հանրային Հեռարձակողը, որի եթերում եղել է չորս բանավեճ:
«Կարծում ենք, որ այդ քաղաքական բանավեճերը կարող էին ավելի արդյունավեր լինել, եթե Հանրային հեռարձակողի խորհուրդը մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկը հաստատեր եւ հրապարակեր քաղաքական բանավեճի անցկացման ձեւաչափը»,- նշված է զեկույցում:
Հանձնաժողովը նշել է, որ համաձայն է ընտրությունների միջազգային դիտորդների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այն կարծիքին, որ քաղաքական միջավայրը, որում տարբեր կարծիքները պարբերաբար բախվում են ատելության եւ կշտամբանքի, մասնավորապես սոցիալական ցանցերում, բացասաբար է ազդում հանրային դիսկուրսի վրա, եւ այդ ամենը փոխանցվում է նաեւ տեսալսողական մեդիածառայություն մատուցածների կողմից հեռարձակված 8 հաղորդումներում:
Հանձնաժողովի կարծիքով անհրաժեշտ է անցկացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կչեզոքացնեն հասարակության վրա ծանր հետեւանք թողնող ատելության խոսքի, ապատեղեկատվության, կողմնակալության եւ կոշտ վարքագծի դրսևորումները Հեռարձակողների եթերում:
ՀՌՀ եզրակացությունը մանրամասն տե՛ս այստեղ: