Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները: ԵՄ-ն Ռուսաստանը ժողովրդավարության եւ առաջընթացի հակառակորդ է համարում։
«Մենք երկարաձգել ենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Մոսկվան պետք է կատարի Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունը»,- նշել է Միշելը։
Եվրոպայի խորհրդի նախագահը հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա Ռուսաստանի նկատմամբ միասնական եւ ռազմավարական մոտեցմանը՝ ընդգծելով, որ Բրյուսելը փորձում է Մոսկվայի հետ երկխոսության նոր ձեւաչափեր ու պայմաններ գտնել:
ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե Եվրամիության գագաթնաժողովում Ռուսաստանի վերաբերյալ «եզրահանգումը» վկայում է համատեղ ռազմավարություն մշակելու դժվարության մասին:
«Հունիսի 25-ին Եվրամիության ընդունած «եզրահանգումը», մասնավորապես Ռուսաստանին առնչվող դրա հատվածը ցույց է տալիս, որ Եվրամիությունը համակարգային բարդություններ ունի մեր երկրի հետ քիչ թե շատ ըմբռնելի ռազմավարություն մշակելու հարցում»,- հայտարարել է Զախարովան:
Զախարովան պնդել է, թե գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարությունները վկայում են, որ Եվրոպական միությունում «ընդհանուր հայտարարը» որոշում են հակառուսական տրամադրվածությամբ հայտնի պետությունները: