Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը ահազանգել է, որ Թուրքիայի պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիի (Կեսարիա) 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:
Փայլանը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս՝ եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ:
Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարեւոր կառույց հին հայկական եկեղեցին տասնյակ տարիներ անուշադրության է մատնված, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ:
Փայլանը հարցրել է նախարարին, թե ինչու եկեղեցին չի առնվում պաշտպանության ներքո, ինչու այն վնասող անձանց դեմ հետաքննություն չի սկսվում: Պատգամավորը նաեւ հետաքրքրվել է, թե ինչու է կառավարությունը լռում քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգության դեմ արկածախնդիր գանձ որոնողների գործողությունների մասին, ինչու այդ մշակութային կոթողները չեն պաշտպանվում: Փայլանը հետաքրքրվել է նաեւ, թե նախարարությունը մտասդի՞ր է վերանորոգելու Կայսերիի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: