Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը եւ բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։
Վերստին առաջ քաշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատելու գաղափարը՝ Ալիեւը սահմանագծման աշխատանքային խումբ ստեղծելու կոչ է արել։
Ըստ Ալիեւի՝ Հայաստանի համար զարգացման միակ ճանապարհը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն ու տարածքային պահանջներից հրաժարվելն է։
Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «առհասարակ չգործածել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը», քանի որ, նրա պնդմամբ, «նման տարածքային միավոր գոյություն չունի»: Դա իր հերթին նշանակում է՝ գոյություն չունի նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունը:
Ալիեւը ներկայացրել է Ադրբեջանի ռազմական հզորության ճանապարհը։ Նա նշել է, որ ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է նորագույն սպառազինության, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի գնման գործընթացը:
Ադրբեջանը հաստատել է զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Ալիևը նշել է, որ իր բանակի թվաքանակը կավելանա, եւ դա տեղի կունենա Ղարաբաղյան վերջին պատերազմի ստույգ վերլուծության հիման վրա։
Ադրբեջանի նախագահի տեսանկյունից տարածաշրջանում պետք է առաջ քաշվեն նոր նախաձեռնություններ՝ նոր պատերազմի վտանգը զրոյացնելու համար։
Ալիեւը պնդել է, թե Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ երկրներ առաջ էին քաշում Բաքվի համար բացասական հետեւանքներով հղի վտանգավոր նախաձեռնություններ: