Ավստրիայի, Ռումինիայի եւ Լիտվայի ԱԳ նախարարները տարածաշրջանային այցն ավարտեցին Վրաստանում։
Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջեւ վստահության մեծ կարիք ունի:
Անդրադառնալով Երեւանում եւ Բաքվում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումներին եւ ինտենսիվ քննարկումներին՝ Շալենբերգը նշել է, թե իրենց նպատակն էր հասկանալը՝ ինչ միջոցներով է հնարավոր վստահություն կառուցել: Նա ընդգծել է, որ այցը վերահաստատեց իրենց համոզմունքը, որ վստահությունն ամենակարեւոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը, եւ իրենց նպատակն է ցանել այդ վստահության սերմերը:
«Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի անհրաժեշտությունն իսկապես կա, եւ նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձեւով աջակցել»,- շեշտել է Շալենբերգը:
Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է, որ բարձր են գնահատում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձան Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը:
«Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն էլ ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար:
Աուրեսկուն շեշտել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության եւ առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները: «Մենք կոչ արեցինք գործելու կառուցողական ոգով, վերակառուցելու վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն եւ տեւական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջեւ հաշտեցման կարեւորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»,- ըստ «Արմենպրեսի»՝ հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ Ռումինիան սատարում ու կարեւորում է Արեւելյան գործընկերության երկրներում անվտանգությունն ու կայունությունը:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, իր հերթին ամփոփելով տարածաշրջան այցի արդյունքները, նշել է, որ Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարեւոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն եւ բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում:
Նա հույս է հայտնել, որ վերջերս նաեւ Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը եւ ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը շարունակություն կունենան:
Լանդսբերգիսն ընդգծել է, որ ժամանակն է խոսելու ամբողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու գործում Եվրամիության դերակատարության մասին՝ կլինեն դրանք ճանապարհներ, թե այլ ենթակառուցվածքներ՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Նա շեշտել է, թե Եվրամիությունը գիտի դա ինչպես անել։