ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն գերիների անհապաղ վերադարձի մարդասիրական պարտադիր պահանջն ի սկզբանե է արհամարհել: Փոխարենը Բաքուն զբաղվել է քաղաքական սակարկությամբ ու մարդկանց առեւտրով: ՄԻՊ-ն իբրեւ օրինակ բերել է ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու փաստերը:
Որպես դրա անհերքելի ապացույց՝ օմբուդսմենն Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ միջեւ խոսակցության տեսանյութն ուղարկել է Եվրամիություն:
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում հայ ռազմագերիների դատավարություններն արհեստական են:
Որպես արդարացում եւ հանուն ռազմական-քաղաքական օգուտների
Դատավարություններն, ըստ ՄԻՊ-ի, արտաքին շղարշ են աշխարհի աչքին՝ գերիներին ազատ չարձակելու «արդարացում» ունենալու եւ այդ ընթացքում հնարավորինս շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալու համար:
Պաշտպանը հավելել է, որ դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները», ընդ որում՝ դա արվում է այն պայմաններում, երբ գերիների կյանքին ամեն օր իրական վտանգ է սպառնում:
Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել է, որ հայ ռազմագերիների նկատմամբ կոպտորեն խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը: Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահրումը:
«Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որեւէ այլ իրավունքի մասին»,- ընդգծել է Թաթոյանը:
Լուսաբանումներն ատելություն են սերմանում
ՄԻՊ-ը առանձնապես դատապարտելի է համարել պաշտոնական Բաքվի հրահանգով դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով:
«Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են)»,- շեշտել է պաշտպանը:
Նաեւ Ժնեւի 1949-ի երրորդ կոնվենցիան
«Չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակում, որը մինչեւ այժմ չի ավարտվել: Այսինքն՝ Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:
Հետեւաբար ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձեւով լեգիտիմացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնեւի 1949 թվականի երրորդ կոնվենցիան»,- ընդգծել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս փաստերի եւ ադրբեջանական իշխանությունների պահվածքի վրա: