Արցախի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ գրանցվել են դեպքեր, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները զանգահարել են Արցախի քաղաքացիներին՝ առաջարկելով վաճառել իրենց բնակարանները։
Նշենք, որ հունիսի 25-ին Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, թե լուրերը, որոնց համաձայն՝ ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին՝ վերջիններիս առաջարկելով վաճառել իրենց բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն հորդորել էր նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։
Արցախի ԱԱԾ-ի հորդորից հետո գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց եւ անմիջապես դիմել Արցախի ԱԱԾ»:
Միաժամանակ, Արցախի ԱԱԾ-ն հորդորել է զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,- ասված է հայտարարության մեջ։