ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։
ՀՀ ԱՆ-ն զգուշացնում է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկանավարակից, եւ բոլորին հորդորում է պատվաստվել։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
«ԱստրաԶենեկա»-ով եւ «Կորոնավակ»-ով կարող են պատվաստվել 18 եւ բարձր տարիքի անձինք: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար:
Հայաստանում հունիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն`առողջացած, 4510-ը`մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 մարդ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1177814 թեստավորում: Երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Կա 87 առողջացման եւ 3 մահվան դեպք:
Կորոնավիրուսային վարակով, սակայն այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1099 է: