Բաքվում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2021» անվամբ թուրք-ադրբեջանական եռօրյա համատեղ զորավարժությունները, որոնք կավարտվեն հունիսի 30-ին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու եւ ղեկավարելու հմտությունները:
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 600 զինվորական։ Ներգրավված են 40 տանկ եւ այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք եւ ականանետ, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչեւ 50 տրանսպորտային միջոց:
Թուրքական Քոնյա քաղաքում էլ շարունակում են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդուժի զինվորները: Նրանք ոչնչացնում են պայմանական հակառակորդի ցամաքային եւ օդային թիրախները, իրականացնում օդային հերթապահություն:
Մի քանի օր առաջ՝ հունիսի 21-23-ը, Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանում։ Դրանց մասնակցել են Նախիջեւանի կայազորի զորքերը եւ Թուրքիայի ԶՈՒ կառավարման մարմինները։