«Բրյուսելի գագաթնաժողովից հետո շատերը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ակնկալում են մեծ փոփոխություն, հատկապես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ երկկողմ հիմնական վեճերի առնչությամբ»,- գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։
«Ամրապնդելով ԱՄՆ-ի հետ երկխոսության բոլոր միջոցները՝ մենք վճռական ենք տրամադրված ապահովելու հետագա դրական մթնոլորտը՝ հօգուտ մեր երկու երկրների»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ակնհայտ է, որ հիշյալ գագաթնաժողովից հետո Անկարան ձգտում է Մոսկվայի հետ նույնպես բարելավելու իր հարաբերությունները՝ համագործակցելով որոշակի ոլորտներում, ինչպես դա անում է Վաշինգտոնի հետ՝ չշեշտադրելով տարաձայնությունները: Այս մեթոդը նոր չէ, բայց կարող է ավելի սուր զգացվել վերջին զարգացումներից հետո:
Անկարան բարձր է գնահատում Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության գործընթացներում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո առկա աշխարհաքաղաքական հարցերում:
Էրդողանը հատուկ նշել է Պուտինի հետ առանձին բանակցությունները հունիսի 15-ին իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած Շուշիի հռչակագրի դրույթների շուրջ։ Նա ասել է, որ Թուրքիան շատ կարեւոր է համարում երկու երկրները [Ադրբեջանն ու Թուրքիան] միմյանց կապող Զանգեզուրի միջանցքը, եւ ավելացրել, որ այն բազմաթիվ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում:
Այս պահի դրությամբ Էրդողանը չի կարծում, թե ռուսական կողմում կա տարակարծություն կամ այդ աշխատանքը հետաձգելու մտադրություն, ընդհակառակը՝ Ռուսաստանը կարծես թե այդ հարցում օգտակար մոտեցում ունի:
«Եթե նրանք դրականորեն աջակցեն այս պլատֆորմին, ապա տարածաշրջանում շատ շուտով խաղաղություն կհաստատվի: Այս երթուղին, իհարկե, մեծ հնարավորություններ կընձեռի Ադրբեջանին: Նույն կերպ, դա մեծ առավելություններ կապահովի Հայաստանի համար: Ռուսաստանը նույնպես դրական տեսակետ ունի այս հարցում, քանի որ սա կարեւոր միջանցք է, կարեւոր ուղի: Հուսով եմ, որ այն նույնպես լուրջ հարստություն կբերի տարածաշրջանի գյուղատնտեսությանը: Այլ կերպ ասած՝ մենք հավատում ենք, որ այս վայրը կլինի գյուղատնտեսական միջանցք»,- ասել է Էրդողանը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը