Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր Կառավարությունում հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ծնողներն առաջարկել են հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի միայն անհայտ կորածներով։ Կառավարության աշխատանքը չի գոհացնում ծնողներին։ Նրանցից ոմանք ԴՆԹ թեստ են հանձնել, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեն ստացել:
Պաշտոնական տվյալով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած զինծառայողների թիվը 230 է: Մեծամորի, Մարտունու, Աբովյանի, Հերացու դիահերձարանների սառնարաններում 142 անանուն մարմին կա։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3 հազար 777 մարմին ու մասունք, 106 մարմնի եւ մասունքի փորձանմուշ դեռեւս նույնականացման փուլում է. նմուշներից շատերը մի քանի անգամ են հետազոտվել, սակայն անձի ինքնությունը հաստատել չի հաջողվել։
ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ վնասված եւ բարդ փորձանմուշները հետազոտության ուղարկելու նպատակով պայմանավորվածություն ձեռք կբերվի արտասահմանյան փորձագիտական որոշ կազմակերպությունների հետ։