Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, փոխանցելով Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը, հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները առանց որեւէ պայմանի անհապաղ պետք է վերադարձվեն։
Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում եւ Ադրբեջանում են եղել Եվրամիության երկրների ներկայացուցիչներ Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական եւ միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, որոնք այցի շրջանակում քննարկել են նաեւ գերիների վերադարձի հարցը։
Նիդերլանդների դեսպանը նաեւ անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է։ Դեսպանը շոկային է համարում պուրակի բացումը եւ կարծում է, որ պուրակն ամենեւին չի նպաստում խաղաղությանը։
«Ակնկալում ենք վստահության մթնոլորտի ձեւավորում։ Կողմերը հարցերի լուծման ուղիները պետք է քննարկեն դիվանագիտական մակարդակում՝ հանուն այս տարածաշրջանում համակեցության ուղիներ գտնելու»,- եզրափակել է Նիդերլանդների դեսպանը։