Եվրամիության խորհուրդը Հայաստանի, Ուկրաինայի, Թունիսի եւ Կատարի հետ ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրեր ստորագրելու որոշում է ընդունել։
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել չորս կարեւոր ավիացիոն համաձայնագիր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների մուտքը շուկաներ, կբարելավեն նաեւ քաղաքացիների կապն ու տեղաշարժի ազատությունը:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ համաձայնագրերը կբացեն ավիափոխադրումների շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին ու օպերատորներին։ Դրանք կնպաստեն առեւտրի, զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների ավելացմանը, կապահովեն անվտանգության ամենաբարձր մակարդակը։
Համաձայնագրերի շնորհիվ ԵՄ-ի հարեւան երկրների նկատմամբ կհանվեն շուկայի սահմանափակումները։ Այդ երկրները կկապվեն ԵՄ ներքին ավիացիոն շուկայի հետ՝ ընդունելով ԵՄ ավիացիոն չափորոշիչները եւ կիրառելով ԵՄ ավիացիոն կանոնները:
Փաստաթղթերը կստորագրվեն 2021-ի աշնանը, այնուհետեւ դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից։
Հայաստանի, Ուկրաինայի, Թունիսի եւ Կատարի վերաբերյալ որոշումները թույլ են տալիս համաձայնագիրը կիրառել ժամանակավոր հիմունքներով, մինչեւ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը:
Այս համաձայնագրերի շնորհիվ Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների համար ավելի հարմար պայմաններ կստեղծվեն դեպի Եվրամիության երկրներ ճամփորդելու համար։ Սա նաեւ կնպաստի ավիափոխադրումների շուկայում մրցակցությանը, ինչը կարող է բերել ավիատոմսերի գների իջեցման։