Ընկույզի միջուկն՝ առատ, խմորը՝ նուրբ, մեղրն էլ ՝ անարատ. արցախյան փախլավայի ավանդական բաղադրատոմսին Ռադա Դավթյանն ավելացնում է կարեւոր բաղադրիչը՝ մեծ չափաբաժնով սեր, որի շնորհիվ էլ անուշաբույր թխվածքն, ինչպես ասում են, հալչում է բերանում: Կեքսեր, ընկույզով եւ ռահաթ լոխումով գաթաներ, տորթեր… Ռադան ասում է՝ մեկ անգամ ճաշակելուց հետո այլ վայրից չեն պատվիրում: Այդպես էր Շուշիում, այդպես է նաեւ Երեւանում, ուր Դավթյանների ընտանիքը տեղափոխվել է պատերազմից հետո:
Պատերազմից առաջ Ռադան որոշել էր արտադրամաս-խանութ բացել բնակավայրում, որտեղ ապրում էր ամուսնու եւ երկու երեխաների հետ:
«Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից բանուկ տարածքը հրուշակեղենի վաճառքի համար լավագույն վայրն էր, հաճախորդների պակաս չէր լինի, իմ պատրաստած հրուշակեղենին քաղաքում շատերն էին ծանոթ, պատվերներ տնից էի ընդունում»,- պատմում է Շուշիում երկու տուն կորցրած Ռադա Դավթյանը:
Մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ Ստեփանակերտի պետական, նաեւ Գրիգոր Նարեկացի համալսարաններում է դասախոսել, դստեր ծնվելուց հետո մասնագիտությամբ աշխատել չի կարողացել, դժվար էր Շուշիից ամեն օր Ստեփանակերտ հասնել:
Միայն կենցաղով բավարարվել էլ չի կարողացել, սկզբում ընտանիքի համար է թխել, ժամանակի ընթացքում հմտացել է տորթեր պատրաստելու եւ ձեւավորելու գործում, հետո արդեն հարազատներն ու ընկերներն իրենց տոնակատարությունների աղանդերը միայն իրեն էին վստահում: Այսօր Ռադան Երեւանում է շարունակում իր փոքրիկ բիզնեսը, պատվերները եղբայրն է օգնում առաքելու, որը նույնպես Արցախում էր բնակվում:
«Պատերազմի օրերին սոցիալական աջակցության կենտրոնի աշխատակիցներին որպես շնորհակալություն փախլավա հյուրասիրեցի, ափսեն արագ դատարկվեց, այդպես պատվերների շղթան բացվեց»: Սկզբնական շրջանում հումք, անհրաժեշտ տեխնիկա գնելու գործում աջակցեց նաեւ ԱՄԻԱ ՀԿ-ն, որը տեղահանվածներին օգնում է սեփական բիզնես նախագծերը իրականություն դարձնելու:
«Հրուշակագործությունը այդ ծանր օրերին ինձ օգնեց չխելագարվելու, թխելու գործընթացին նաեւ երեխաներն էին մասնակցում, կտրվում էի մղձավանջից: Հիմա էլ ապրում եմ կյանքիս անորոշ փուլը, երբ ծիծաղիս հաջորդում է լացը, ուրախությունս էլ շեշտակի վերափոխվում է տխրության: Երեխաներն էլ ինձ պես չեն հաղթահարում կարոտը,- պատմում է Ռադան:- Երբ փորձում ես մի պահ վանել ծանր մտքերը, երեխան կարող է գալ ու հիշեցնել: Աղջիկս մի կոշիկ ունի, որ Շուշիում էր հագնում, փոքրացել է, բայց չի թողնում դեն նետեմ, Շուշին հիշեցնող քիչ իրերից է, ամեն ինչ այնտեղ ենք թողել»:
Երեխաները դպրոցն են կարոտում, ընկերներին, ուսուցիչներին, նաեւ Հադրութը, ուր հաճախ հյուր էին գնում տատիկի տուն: «Հիմա բարեկամներս ցաքուցրիվ, իրարից կտրված ապրում են: Ժամանակը չի բուժում, ուղղակի հաշտվում ես հանգամանքների հետ»,- ասում է Ռադան:
Ամուսինը Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետն էր: Ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու, բնակարանի վարձը վճարելու համար մեկնել է արտագնա աշխատանքի, ապագայի մասին Ռադան հրաժարվում է մտածելուց. «Ծրագրերդ կարող են փոշիանալ մեկ օրում: Չգիտեմ նույնիսկ՝ այստեղ կմնանք, թե ստիպված ենք լինելու նորից այլ վայր տեղափոխվել»:
Այսօր միայն ներկայով է ապրում, երեւանյան բնակարանից քաղցրի սիրահարներին առաջարկում է ճաշակել արցախյան բաղադրատոմսով պատրաստված հրուշակեղենի մեծ տեսականին: Սեփական հացաբուլկեղենի արտադրամաս-խանութ ունենալու երազանքից, սակայն, Ռադան չի հրաժարվել:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։