Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա։
Լավրովը եւ Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:
Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ սեւծովյան տարածաշրջանում: Նախատեսված են առարկայական քննարկումներ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքի շուրջ՝ Սիրիայում այս տարի մայիսի 26-ի նախագահական ընտրությունների համատեքստում։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը: 2021-ի հունվարից ապրիլ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9․1 միլիարդ դոլարի։
Լավրովի այցի օրակարգում է նաեւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի եւ հունիսի 22-ից երկկողմ ուղեւորային թռիչքների ամբողջական վերականգնումից հետո Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները: Նշենք, որ Թուրքիան շուտով կարտադրի կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութը: