Ըստ բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության՝ Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն բժշկության, կենսաբանության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Երկու երկրները համատեղ կզբաղվեն նաեւ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:
Գործակալությունը նշել է, որ նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը եւ կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:
Հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել են Բելառուսի գիտության եւ տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը եւ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, քննարկվել են նաեւ գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիոն հեռանկարները, ինչպես նաեւ երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:
Շումիլինը շեշտել է, որ համատեղելով երկու երկրների գիտնականների ջանքերը՝ ավելի արագ կստեղծվեն բարձրտեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաեւ նոր արտադրանք:
Հայաստանի եւ Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջեւ 2000-ի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի: