«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) հայտարարություն է տարածել հայտնի թուրք լուսանկարիչ, «Ֆրանս Պրեսի» թղթակից Բյուլենթ Քըլըչի նկատմամբ Ստամբուլում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման ու եւս 4 լրագրողի աշխատանքը խոչընդոտելու եւ նրանց բերման ենթարկելու փաստի կապակցությամբ:
CFWIJ-ն դատապարտել է ամբողջ Թուրքիայում ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների աճը:
Կոալիցիան թուրք ուժայիններից պահանջել է լրագրողների վրա հարձակվելու փոխարեն ապահովել ազատ եւ անվտանգ միջավայրում նրանց աշխատանքը:
«Լրագրողների ամենահիմնարար իրավունքն է զանգվածային իրադարձությունները տեղում լուսաբանելը եւ դրանք հանրությանը հասցնելը: Չի կարելի խոչընդոտել լրագրողներին»,- նշված է հայտարարության մեջ: