Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը վաղը Վատիկանում կմասնակցի Լիբանանի քրիստոնյա հոգեւոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հանդիպումը բաղկացած է երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն:
Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաեւ Ռայի պատրիարքը:
Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից եւ դրանից դուրս գալու հնարավորություններից:
Հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը. նա երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, որը լայնորեն լուսաբանվեց լիբանանյան, եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցներում: