Ըստ ռուսական «Իզվեստիա» թերթի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ի համար շատ կարեւոր է հակամարտության ընթացքում ձերբակալվածներին Բաքվում այցելելն ու նրանց մասին տեղեկությունը հարազատներին փոխանցելը։
Նա հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն Բաքվում պահվող եւ դիվերսանտ համարվող անձանց, շփվում են նրանց հետ, սակայն խուսափել է գնահատական տալ պահման պայմանների վերաբերյալ:
«Ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ-ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Ավելին չեմ կարող ասել»,- նշել է նա։
Մաուրերը շեշտել է, որ ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա, բայց որոշ ձերբակալվածների թեմայով դեռեւս վիճելի հարցեր կան. ինչ կարգավիճակ ունեն, ռազմագերի են, թե ոչ։ «Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- հայտարարել է Մաուրերը։
Նա ընդգծել է, որ Բաքուն եւ Երեւանը պահվող անձանց կարգավիճակի հարցը ինքնուրույն պետք է կարգավորեն միմյանց միջեւ:
ԿԽՄԿ նախագահը պատմել է, որ Կարմիր խաչն օգնում է նաեւ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին։
Մաուրերը նշել է, որ անհրաժեշտության եւ հնարավորության դեպքում ԿԽՄԿ-ն կշարունակի ավելացնել իր ներկայությունը Ղարաբաղում, բայց դա արագ չի լինի, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար:
Մաուրերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի ֆինանսավորման բյուջեն այս պահին մոտ 4-5 անգամ ավելի է, քան նախորդ 27 տարում. նախկինում մոտ 10-11 միլիոն դոլար էր, այժմ՝ մոտ 50 միլիոն դոլար: